«Բյուջեի պլանավորումն իրականացվում է տվյալ պահին գործող իրավական ակտերի շրջանակում, կանխատեսումներ, բնականաբար, չեն արվում: Մյուս կողմից, որևէ սոցիալական խնդրի ի հայտ գալու պարագայում կառավարությունն ունի արձագանքելու իր գործիքակազմը, իսկ սակագնի բարձրացման հարցը նաև կառավարությանն է մտահոգում»՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` անդրադառնալով խնդրին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անխուսափելիորեն կբերի սոցիալական լարվածության:
«Սա այն խնդիրն է, որ առաջին հերթին բնակչության լայն շերտերի սոցիալական ապահովվածությանն է վերաբերում: Բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պետք է քննի հայտը և իր վերաբերմունքը արտահայտի, դրանից հետո կլինի համապատասխան մոտեցում կառավարության կողմից»,- ասաց նա: Նախարարը հիշեցրեց, որ նախորդ անգամ, երբ էլեկտրաէներգիան թանկացավ (2014-ի օգոստոսի 1-ից), կառավարությունը 105 հազար ընտանիքների և հրատապ օգնություն ստացող 20 հազար ընտանիքների համար ավելացրեց բազային նպաստի չափը 1000 դրամով: «Գտնվեցին համապատասխան միջոցներ ու ռեսուրսներ, որպեսզի օգոստոսից` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը զուգահեռ, ավելացվի անապահով ընտանիքների վճարվող բազային նպաստի չափը 1000 դրամով: Իսկ արդեն այս հունվարից եղավ կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացումը շուրջ 14-14,5 տոկոսով: Կախված քննարկումից ու կայացվելիք որոշումներից՝ նոր անդրադարձ կկատարվի այս խնդրին»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:
Անդրադառնալով տեղեկատվությանը, թե արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել և էլեկտրաէներգիան հնարավոր է թանկանա 6-7 դրամով, ոչ թե հայտում ներկայացված 17 դրամով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նկատեց, որ սակագների բարձրացումը քաղաքական որոշումների խնդիր չէ և քաղաքական որոշումներ չեն կարող կայացվել սակագների վերաբերյալ` դրա համար կա հանձնաժողով, որը դեռ պետք է քննարկի հայտը ու դրա հիմնավորվածությունը, որի վրա էլ կկայացնի իր որոշումը:
Էլէներգիայի ներկա 41,85 դրամ սակագնի պայմաններում ՀԷՑ-ը ամեն մի կՎտ-ից 12,46 դրամ եկամուտ ունի: Այսինքն՝ միայն վերջին մեկ տարում առաքված 5 միլիարդ 571 մլն 920 հազար կՎտ/ժ էլէներգիայից ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 69 մլրդ 426 մլն 123 հազար դրամ: ՀԷՑ-ի պահպանման ծախսերը կազմում են 39 միլիարդ դրամ: Ինչպե՞ս է ընկերությունը վնասով աշխատել, ո՞ւր են գնացել տասնյակ միլիարդ դրամները: Այս պայմաններում ընկերությունը համարձակվում է էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել: Այսինքն՝ ՀԷՑ-ը ցանկանում է, որ իր տարեկան եկամուտը կազմի ոչ թե 69 մլրդ դրամ, այլ 114 մլրդ 753 մլն 697 հազար դրամ: Այնուհանդերձ՝ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցում քաղաքական որոշում է կայացվել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողից մատակարարվող էլէներգիայի սակագինը կբարձրացնի 6-7 դրամով, այլ ոչ թե 17: Այսինքն` ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումն ուռճացված է համարվել, իսկ 6-7 դրամով սակագնի բարձրացումը անխուսափելի կլինի: